Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները

1․  Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից: 

Աշխարագրական գոտիները աշխարհագրական թաղանթի զոնայական խոշոր ստորաբաժանումներ են, որոնց տարբերությունները պայմանավորված են կլիմայով։ Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում` մերձհասարակածային, արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային: Հասարակածային, արևադարձային, բարեխառն և բևեռային գոտիները համարվում են հիմնական կամ գլխավոր, իսկ «մերձ» նախածանցով սկսվողները՝ մերձհասարակածային, մերձարևադարձային և մերձբևեռային գոտիները՝ անցողիկ: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն իրենց տիրապետող օդային զանգվածները: Տարվա եղանակից կախված նրանց մեջ ներթափանցում է հարևան հիմնական գոտիներից որևէ մեկի համար տիպիկ օդային զանգվածը՝ պայմանավորելով անցողիկ գոտու կլիմայական իրադրությունը:

2. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան:

Աշխարհագրական զոնան աշխարհագրական գոտու բաղկացուցիչ մասն է, որը բնութագրվում է իրեն հատուկ ջերմային և խոնավացման պայմաններով, հողաբուսական ծածկով, կենդանական աշխարհով: Աշխարհագրական տարբեր գոտիներ կազմված են տարբեր թվով զոնաներից, և դա պայմանավորված է տվյալ գոտու ընդգրկած տարածքից, ձգվածությունից, նրա սահմաններում ջերմության և խոնավության փոխհարաբերակցությունից և մի շարք այլ պայմաններից:

3. Ի՞նչ է զոնայականությունը և ազոնայականությունը:

Զոնայականությունը աշխարհագրական թաղանթում զոնաների բաժանումն է, ըստ կլիմայական պայմանների, որոնք իրենց հերթին առաջացել են արեգակնային էներգիայի պատճառով։

Աշխարհագրական թաղանթի զարգացման գործընթացի մեջ կարևոր են նաև ազոնալ (ոչ զոնայական) երևույթների դերը, որոնց ծագումն ու զարգացումը կապված է ոչ թե Արեգակի, այլ երկրագնդի ներքին ջերմության հետ: Աշխարհագրական առումով ազոնալ երևույթներից առանձնապես կարևոր են երկրակեղևի տարաբնույթ շարժումները, որոնց հետ կապված են լեռնային համակարգերի գոյացումը, հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը և այլն։

4. Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության:

Լեռնային շրջաններում զոնայականությունը կարծես վերանում է՝ իր տեղը զիջելով ազոնալ վերընթաց գոտիականությանը: Դա այն երևույթն է, երբ բնական բաղադրիչները և բնատարածքային համալիրները փոխվում են ըստ բարձրության` լեռների ստորոտներից դեպի գագաթները և կարծես նման են լեռնալանջերին կապած գոտիների: Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության, կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման հետ: Վերընթաց գոտիականությունը մեծ ընդհանրություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի առանձնահատկությամբ:

5. Պատկերե՛ք հասարակածային գոտում գտնվող երևակայական մի շատ բարձր լեռ և նրա վրա սխեմատիկորեն ցո՛ւյց տվեք այն բոլոր գոտիները, որոնք հարթավայրերում տարածվում են հասարակածից մինչև բևեռները:

/ արկտիկական կլիմայական գոտի /

/ բարեխառն գոտի /

/ մերձարևադարձային գոտի /

/ արևադարձային գոտի /

/ մերձհասարակածային գոտի /

/ հասարակածային գոտի /

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar