Շենգավիթ բնակատեղի

Շենգավիթ բնակատեղին, որը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում՝ Հրազդան գետի ձախ (այժմ՝ Երևանյան լճի արևելյան) բարձրադիր ափին, Կուր-արաքսյան մշակույթի՝ վաղ բրոնզեդարյան զարգացած փուլի առավել նշանավոր և համեմատաբար լավ ուսումնասիրված հուշարձաններից է: Շենգավիթի բնակատեղին տալիս է վաղ բրոնզեդարյան մշակույթի առավել ամբողջական պատկերը: Պեղումներն այստեղ բացել են հին բնակչության մշակույթի չորս հաջորդական շրջաններ՝ շինարարական շերտերով՝ 4 մետր հզորությամբ: Մշակութային չորս (ըստ որոշ ուսումնասիրողների՝ հինգ) շերտերը վերագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջից 2-րդ հազարամյակի սկզբին. թեպետև մասնագիտական գրականության մեջ թվագրումը հակասական է: Ընդ որում, այդ շերտերից ստորինը վերաբերվում է Էնեոլիթյան, իսկ մյուս երեք շերտերը՝ վաղ բրոնզեդարյան մշակույթին:

Շենգավիթյան մշակույթին բնորոշ է նստակյաց տնտեսաձևը՝ զարգացած երկրագործությամբ, անասնապահությամբ ու արհեստագործությամբ, մասնավորապես՝ բարձր մակարդակի հասած խեցեգործությամբ և մետաղամշակությամբ. այդ  մասին են խոսում պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերը:

Շենգավիթի հնագույն բնակավայրն աչքի է ընկնում բավական զարգացած ճարտարապետությամբ: Ուշագրավ են ինչպես քաղաքացիական՝ մասնավորապես բնակելի շենքերը, այնպես էլ պաշտպանական, տնտեսական և պաշտամունքային նշանակության կառույցները:

Skip to toolbar