Արշակ 2֊ի ներքին և արտաքին քաղաքականու֊թյունը

Ծննդյան թվականն անհայտ է:Մոտ 368 թ.Արշակ Բ-ն հայ Արշակունիների արքայատոհմի երևելի թագավորներից է (350–368 թթ.): Նա  պայքարել է հայրենիքի անկախության պահպանման համար: Նրա մասին է հյուսվել «Արշակ և Շապուհ» ավանդազրույցը:

Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է  հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն:  Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ: Արշակ Բ-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն: Արքունի զորաբանակը մեծացնելու, թագավորական իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով Մասիսի ստորոտին (Կոգովիտ գավառում) հիմնադրել է Արշակավան արտոնյալ, ապահարկ քաղաքը, սակայն ըմբոստ նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են այն: 359 թ-ին վերսկսվել է պատերազմը Պարսկաստանի և Հռոմի միջև: Հայաստանի սահմանները վտանգվել են պարսից կողմից, ուստի Արշակ Բ-ն ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը: Նա արշավանք է սկսել` Հայոց Միջագետքը պարսիկներից ազատագրելու և կայսր Հուլիանոսի բանակին միանալու համար: Սակայն զոհված Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը, դավաճանելով Արշակին, 363 թ-ին դաշնագիր է կնքել Շապուհի հետ և, չնայած կռվելու բավարար ուժեր ուներ, ընդունել է նրա առաջարկած ծանր ու ստորացուցիչ պայմանները: Համաձայն դաշնագրի, որը հռոմեացի պատմիչ և այդ պատերազմի մասնակից Ամմիանոս Մարկելլինոսն անվանել է «ամոթալի», Հռոմը Պարսկաստանին է զիջել Արվաստանը, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը, Ռեիմենեն, Շապուհի հետ գործարք կնքել՝ ի հաշիվ հայկական տարածքների:Ձերբազատվելով Հռոմից՝ Շապուհ II-ն արշավել է Հայաստան: Քառամյա պատերազմի  (364–368 թթ.) ընթացքում Արշակ Բ-ն անհավասար պայքարում պահպանել է Մեծ Հայքի սահմանները, իսկ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ հոների ու ալանների դաշնակցությամբ նույնիսկ ասպատակել է Ատրպատականը: Շապուհը հարկադրված դադարեցրել է հարձակումներն ու դիմել նենգ միջոցների. Արշակ Բ-ի դեմ նախ հրահրել է Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, ապա, հաշտություն կնքելու պատրվակով, մայրաքաղաք Տիզբոն է հրավիրել նրան: Հայոց թագավորին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին (Վահան Մամիկոնյանի եղբայրը) բանտարկել են Խուժիստան նահանգի Անհուշ բերդում: Շապուհի հրամանով Արշակին կուրացրել և տանջամահ են արել, իսկ Վասակին՝ մորթազերծ: Արշակ Բ-ի մասին գրել է Րաֆֆին «Սամվել» պատմավեպում, նրան են նվիրված Ստեփան Զորյանի «Հայոց բերդ», Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպերը և Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան:Տես նաև «Արշակ և Շապուհ», Արշակունյաց արքայատոհմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar