Կարմիր բլուր ուրարտական հուշարձան

  • Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային ի՞նչ ժառանգություն է ներկայացնում։

Ուրարտուի հյուսիսարևելյան սահմանը կիմմերական և սկյութական ցեղերի արշավանքներից պաշտպանելու և այն առավել անխոցելի դարձնելու նպատակով Ք. ա. 7-րդ դ. 1-ին կեսին ուրարտական թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի (Հրազդան) գետի ձախ ափին` ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի և տարերքի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։ Այստեղից երևում են Արարատյան դաշտավայրը, ուրարտական Արգիշտիխինիլի քաղաքը և Թեյշեբաինի քաղաք-ամրոցը` դրանց կից բնակատեղիները և այդ հենակետերը միմյանց կապող հեռու ու մոտ ճանապարհները։ Հզոր պարսպապատով շրջապատված, պահեստային շենքեր ու ոռոգման համակարգ ունեցող քաղաք-ամրոցի միջնաբերդը երկհարկ էր։ Առաջին` նկուղային հարկում գտնվող մոտ 150 սենյակները ծառայել են իբրև պահեստներ, մառաններ և տարբեր արհեստանոցներ, գարեջուր և գինի պատրաստելու շինություններ, քնջութի ձիթհան։ Երկրորդ հարկում գտնվել են փոխ-արքայի, բարձրաստիճան զինվորականների, քրմերի և այլ աստիճանավորների պալատները և սենյակները։ Միջնաբերդի տարածքում էին գտնվում նաև տաճարները։

  • Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։

Թեյշեբաինի հնավայրը այսօր գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում՝ չնայած որ այն ընդգրկված է պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում։ Հնագույն բնակատեղիին կից գտնվում է գերեզմանոց, որը արդեն ընդգրկում է նաև հուշարձանի տարածքը, պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են, բնակատեղիի տարածքը գրեթե ամբողջությամբ պատված է շինարարական ու կենցաղային աղբով, հաճախ հանդիպում են նաև քիմիական թափոններ, որոնց մոտենալը վտանգավոր է մարդու առողջության համար։ Չկա շուրջօրյա հսկողություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar