Քննական նյութ

ռուս թուրքական պատերազմ 1828֊1829թթ.

Ռուս-պարսկական հաշտության պայմանագրից շատ չանցած՝ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որը տեղի էր ունենում երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում:

Հունիս ամսին ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ճանապարհին նրանք հանդիպում էին ամայացած գյուղերի: Թուրքերը հայ բնակիչներին քշում էին դեպի երկրի խորքերը:

Կարսի գրավումը

Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ: Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող Կարսի բերդը: Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, գերիների թիվը անցնում էր 1300-ից: Կարսից հետո իրար հետևից գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը: Ռուսական մի այլ զորամաս գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ գրավում է Բայազետը, ապա՝ Ալաշկերտը:

Ռուսների հաջողությունները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում մեծ իրարանցում են առաջացնում ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում: Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում (Կարինում) և 1829թ. գարնանը հարձակման անցնում: Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին:

Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները և անցնել հակահարձակման: Հունիս ամսին նրանք գրեթե առանց կռվի գրավում են Էրզրումը: Ընկնում է Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը: Էրզրումի գրավման օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ա. Պուշկինը: Նա մոտիկից դիտեց պատերազմական գործողությունները, եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որը զարմանալի տեսարան էր ներկայացնում: Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ վրա: Հայերն աղմկելով վխտում էին նեղ փողոցներում: Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից՝ խաչակնքելով ու կրկնելով՝ քրիստոնյանե՛ր, քրիստոնյանե՛ր»:

Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր:

Ադրիանապոլի պայմանագիրը

Ռուսների հաջողությունները առավել մեծ էին Բալկանյան ռազմաճակատում: Ռուսական զորքերը հաղթարշավով 1829թ. օգոստոսին հասնում են Կոստանդնուպոլսի մատույցներին: Սուլթանի խնդրանքով սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվում է հաշտության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին: Ներում է շնորհվում պատերազմին մասնակցած երկու կողմերի հպատակներին ու ռազմագերիներին: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան: Պատերազմող կողմերի միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները: Այդ պայմանագրով ամրապնդվում էին Ռուսաստանի դիրքերը Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում:Այդ ամենով հանդերձ՝ Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները: Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ: Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: Նրանց հարկադրական ճնշման տակ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Այլ խոսքով` Արևմտյան Հայաստանը, չնչին բացառությամբ, մնաց օսմանյան տիրապետության տակ:

Ղրիմի պատերազմ

XIX դ. կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը՝ Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ, հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա: Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի՝ ռուսական վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ: 1856թ.-ի մարտի 30-ին կնքված Փարիզի հաշտության պայմանագրով ավարտվեց 1853-1856թթ. Ղրիմի պատերազմը: Ռուսաստանը վերադարձնում էր Թուրքիային Կարսը՝ ի փոխանակումն Սևաստոպոլի և դաշնակիցների գրաված ռուսական մյուս քաղաքների: Փարիզի պայմանագրի կնքումից հետո արևելյան հարցն ավելի սրվեց, հատկապես՝ 1870-ական թվականներին: 1877-1878թթ.՝ ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի ձեռք բերած հաղթանակից հետո, Փարիզի հաշտության պայմանագիրը 1878թ. փոխարինվեց Բեռլինի պայմանագրով: Փարիզի պայմանագիրը բաղկացած էր 33 հոդվածներից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar