Կլանվող նյութեր և սննդային թունավորումներ

Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում թունավորման տարբեր դեպքեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ եւ պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Մարդու կյանքի համար անհրաժեշտ է սնունդ, սակայն, ցավոք, անորակ սննդի ընդունումը երբեմն կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալ։
Կլման ճանապարհով անցնող թույները մարդու օրգանիզմ են թափանցում մարսողական համակարգի միջոցով։ Դրանցից են օրինակ ալկոհոլը, դեղամիջոցները։ Այս խմբի թույները կարող են պարունակվել նաեւ սննդամթերքում, որոշ բույսերի, պտուղների մեջ։
Սննդային թունավորումներից ամենատարածվածը մանրէային թունավորումներն են։ Թունավորման պատճառ են դառնում սննդում գտնվող ախտածին մանրէների արտադրած թունավոր նյութերը։ Մանրէային թունավորումներ ավելի հաճախ են հանդիպում ապխտած մսի, երշիկի, ձկնեղենի, կաթնամթերքի, ձվի, տնային պայմաններում պատրաստված պահածոների ընդունման արդյունքում։ Սննդային մանրէային թունավորման դեպքում տուժածի մոտ լինում է սրտխառնոց, փսխում, լուծ։ Տուժածը բողոքում է որովայնի ցավերից, գլխացավից, գլխապտույտից։ Նրա մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ։ Բնականաբար նա ունենում է հիվանդագին տեսք, թույլ է լինում։

Ի՞նչ անել

Կլվող թույներով թունավորման դեպքում ամենաարդյունավետ օգնությունը արհեստական փսխում առաջացնելն է։ Դրա շնորհիվ տուժածի մարսողական համակարգից դեռեւս չներծծված թույները դուրս են բերվում։ Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որեւէ թաս, որի մեջ նա կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3լ գոլ ջուր։ Ցանկալի է ջրի յուրաքանչյուր լիտրի մեջ ավելացնել 1 գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում` մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով լեզվարմատը։ Փսխելիս տուժածի գլուխը պետք է մի քիչ առաջ թեքված լինի։ Ցանկալի է փսխման ընթացքում պահել տուժածի գլուխը` ձեռքով բռնելով նրա ճակատը։ Երբեք մեջքի վրա պառկած վիճակում տուժածի մոտ փսխում մի’ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։

Ջրազրկում

Սննդային թունավորումների դեպքում տուժածը կարող է ունենալ լուծ եւ փսխում, որոնց հետեւանքով հաճախ նկատվում են ջրազրկման երեւույթներ։ Դա հատկապես վտանգավոր է երեխաների ու տարեց մարդկանց համար։
Տուժածի ջրազրկման մասին է վկայում ծարավի զգացումը, բերանի չորությունը։ Ջրազրկված տուժածի անոթազարկը հաճախանում է, թուլանում է մաշկի առաձգականությունը, ձայնը նվաղում է, հնարավոր են ցնցումներ։
Այս նշաններից անգամ մեկ-երկուսի ի հայտ գալու դեպքում պետք է շտապ լրացնել հեղուկի եւ աղերի կորուստը։ Դրա համար տուժածին տվեք ջրազրկման բուժման համար նախատեսված լուծույթներ, օրինակ ռեհիդրոն, օրալիտ` պահպանելով դրանց պատրաստման եւ օգտագործման կանոնները։
Դուք կարող եք նաեւ ինքնուրույն պատրաստել ջրազրկման ժամանակ տրվող հետեւյալ լուծույթը. 3-4 թեյի գդալ շաքարը եւ կես թեյի գդալ աղը լուծեք 1 լիտր` այսինքն 4-5 բաժակ ջրում։ Ժամը մեկ տուժածին տվեք առնվազն 2 բաժակ այդ լուծույթից։ Ցանկալի չի տուժածին կես լիտրից ավել սովորական ջուր տալ։

Ուշադրություն

Արհեստական փսխում չի կարելի առաջացնել, եթե թույնը քայքայիչ նյութ է կամ նավթային հիմք ունի։ Այս դեպքերում թույնի խտությունը նվազեցնելու համար տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ տվեք։ Կարող եք տալ նաեւ մածուն։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նաեւ այն դեպքերում, երբ տուժածը սրտային հիվանդ է, հղի կին է կամ անգիտակից վիճակում է։

Թունավորման դեպքում ահազանգեք շտապ օգնություն։ Ցանկալի է, որ փսխուքը եւ թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ պահածոն, փակած ամանով ուղարկեք հիվանդանոց։
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները եւ ցուցաբերեք համապատասխան ԱՕ։

Skip to toolbar